Փոխնախարար Վարդապետյանին ներկայացվել են Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներն ու ոլորտը բարելավելու վերաբերյալ առաջարկները
22/04/2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ:
Գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև առաջիկայում լուծում պահանջող մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը:
Փոխնախարար Վարդապետյանը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալով՝ լուծման հնարավոր ուղիներ փնտրելն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:
Հանդիպման ավարտին Գործակալության պետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբով կառանձնացնեն առաջարկներն ու խնդիրները և ամփոփ տեղեկանքով դրանք կներկայացնեն փոխնախարարին: