Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր
07/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել մոտարկման գործընթացի համապարփակ մեթոդաբանություն և ուղեցույց, իրականացնել ՀՀ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստումներ և այլն:
Ծրագրում ներգրավված են ԵՄ փորձագետներ, որոնք նախկինում ակտիվ մասնակցություն են ունեցել Եվրոպական միությանն անդամակցող պետություններում օրենսդրության մոտարկման աշխատանքներին:
Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները:
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ հաշվի առնելով այս Ծրագրի կարևորությունը ՀԸԳՀ-ում ամրագրված ներպետական օրենսդրության մոտարկման գործընթացներին աջակցելու տեսանկյունից՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ պետական մարմինների ակտիվ մասնակցությունը Ծրագրով ամրագրված միջոցառումների իրականացմանը: