Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է GIZ-ի պատվիրակությանը

31/01/2020

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայում GIZ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության) կենտրոնական գրասենյակի ավագ փորձագետ Յենս Դեպպեին և GIZ Հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի «Խորհրդարանների աշխատակազմերի ուժեղացում Արևելյան գործընկերությունում» ծրագրի հայաստանյան պատասխանատու Հրաչիկ Յարմալոյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են GIZ Հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի կողմից Արևելյան գործընկերության երկրներում խթանվող բարեփոխումների լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձել են օրենսդրությունների մոտարկմանը, էլեկտրոնային կառավարմանը, քաղաքացիական ծառայության և հանրային ծառայության բարեփոխումներին, Խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը և անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք հարցերի:

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է Խորհրդարանի կարողությունների զարգացումը՝ ընդգծելով, որ բարեփոխումների պահանջարկը պայմանավորված է ոչ միայն քաղաքական փոփոխություններով, այլ նաև հանրային լայն ներգրավմամբ՝ թե օրենսդիր և թե գործադիր կառավարման գործընթացներում:

Անդրադառնալով անչափահասների արդարադատության ոլորտին՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում կատարվող փոփոխությունները, որոնք էականորեն բարելավելու են ոլորտային առկա խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունը և առաջարկել գործընկերներին համագործակցության հնարավոր տարբերակներում դիտարկել նաև Խորհրդի կարողությունների զարգացումը:

Փոխնախարար Գրիգորյանը գործընկերների հետ քննարկել է նաև օրենսդրության մոտարկման և հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում  համագործակցության առավել արդյունավետ և նպատակահարմար ձևաչափերի ընտրությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: