Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

09/03/2020

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն  այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:

Փոխնախարարը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում և սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում  համագործակցության մի շարք հարցեր:

Պաոլո Սպանտիգատին նշել է, որ համագործակցության հարցում Ասիական զարգացման բանկը բավական ակտիվ է եղել մասնավոր հատվածի  հետ և ընդգծել, որ ի դեմ Հայաստանի՝ ունեն տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպանտիգատին նշել է նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների գործընթացը ևս դիտարկում են մասնավոր հատվածի գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորման լույսի ներքո, և այդ նպատակի համար պատրաստ են համագործակցել և´ Արդարադատության նախարարության, և´ Բարձրագույն դատական խորհրդի հետ:

Փոխնախարար Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումների այն շրջանակը, որը սերտ առնչություն ունի մասնավոր հատվածի գործունեությանը և գործարար միջավայրի խթանմանը: Մասնավորապես՝ անդրադարձել է էլեկտրոնային գործիքակազմի ներդրմամբ դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, ինչպես նաև սնանկության գործերի քննման ժամանակահատվածի կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: