Առցանց աշխատաժողով՝ ՄԻՊ ռազմավարության շրջանակում գործարկված www.e-rights.am հարթակի վերաբերյալ

10/06/2020

Այսօր Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը:

Աշխատաժողովին մասնակցում էին Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համար պատասխանատու պետական մարմինների և գերատեսչությունների շուրջ  մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում Նախարարության ներկայացուցիչները տրամադրեցին տեղեկատվություն www.e-rights.am hարթակի գործիքակազմի, մասնավորապես, Կառավարության որոշմամբ սահմանված յուրաքանչյուր գործողության կատարման վերաբերյալ պետական մարմինների կողմից կիսամյակային հաշվետվությունները հարթակում տեղադրելու, միջոցառումների կարգավիճակի փոփոխման, մեկնաբանություններին պատասխանելու միջոցների և եղանակների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել և ապրիլի 1-ին գործարկել է www.e-rights.am հարթակը։ Այս հարթակի միջոցով հնարավոր է՝

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
  • միջոցառումների իրականացման ընթացքին,
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: