Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը
08/07/2020
2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:
Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին: