Պարզաբանում՝ նախօրեին ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ

23/07/2020

Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։

Հետազոտության արդյունքներով վերջինիս մոտ արձանագրվել են առողջության հետ կապված խնդիրներ, որպիսիք վերացնելու համար անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն չի եղել, ինչի պատճառով նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հետագա բուժօգնությունը սահմանված ընթացակարգով կազմակերպելու նպատակով։

Իրեն հիվանդանոցում չպահելը ենթադրաբար պայմանավորելով քրեակատարողական ծառայողների կողմից բուժանձնակազմի նկատմամբ կիրառված ճնշմամբ` Հայկ Գալստյանը, շանտաժային-դեմոնստրատիվ շարժառիթից ելնելով, քրեակատարողական հիմնարկում կարել է աչքերի կոպերը, միաժամանակ հիմնարկի տաքսաֆոնից զանգահարել լրատվամիջոցներից մեկին և ՔԿՀ-ի պետին ու մյուս քրեակատարողական ծառայողներին վերագրել ենթադրյալ չարաշահման դեպքեր։

Նույն օրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպվել է դատապարտյալի անձնական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս սպառիչ պարզաբանումներ են ներկայացվել բժշկական օգնության ընթացակարգերի մասին, միաժամանակ նրան առաջարկվել է ներկայացնել պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ իրեն հայտնի բոլոր փաստական տվյալները։

Հայկ Գալստյանը հանգամանալից պարզաբանել է ինչպես ինքնավնասման, այնպես էլ քրեակատարողական ծառայողներին ենթադրյալ չարաշահումներ վերագրելու իր շարժառիթները` հայտարարելով, որ առերևույթ հանցանքների հատկանիշներ պարունակող արարքների մասին իրականում որևէ փաստական տվյալ չունի և իր հայտարարությունները պայմանավորված են եղել բացառապես իրեն տրամադրվող բժշկական օգնության գործընթացի կազմակերպման ձգձգումներով։

Նույն օրը Հայկ Գալստյանն անձամբ քանդել է կոպերի կարերը։