Արմատական բարեփոխում` հանրային ծառայությունների մատուցման ոլորտում․ որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետներն են կրճատվել

17/05/2021

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունը արմատական բարեփոխում է իրականացրել, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն  կոռուպցիոն ռիսկերը։

Մայիսի 16-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններն այսօր Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

Այսուհետ․

 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝

  1. Կենսաթոշակառուները,
  2. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
  3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք,
  4. Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։

Այլ բարեփոխումներ՝

  •   Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի։
  •   Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը 7 աշխատանքային օրից, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց համար 10 աշխատանքային օրից՝ տեղում:
  •   Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն ներկայիս 2 կամ 3 օրվա փոխարեն՝ 1 օրում:
  •   Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։
  •   Կկրճատվի ուղղում,  փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը՝ դառնալով 15 աշխատանքային օր:
  •   Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր։
  •   Առևտրային կազմակերպությունների  գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր։
  •   Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռնվի:
  •   Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ՝ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար։