Արդարադատության նախարարը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

06/09/2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես՝ հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են այդ ուղղություններով հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցությունըև կարևորվել է իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: