Հայաստանը հետաքրքրված է վրացական մոդելով «Արդարադատության տներ» ստեղծելու հարցում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

16/11/2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում, ներկայացնելով Նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դրանք վերաբերել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացմանն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը։

Նախարար Ադրեասյանը նաև Արդարադատության նախարարության շահագրգռվածությունն է հայտնել արդեն ավանդական դարձած հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման շարունակականության առումով։

Հանդիպման ավարտին կողմերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։