Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ Կարեն Անդրեասյանը քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

15/12/2021

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Եվրոպայի խորհրդի անդամ` Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու Նախարարության ծրագրերը: Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ:
Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները:
Հաջորդիվ նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Արդարադատության նախարար Կոստաս Տիարասին։ Նախարար Կարեն Անդրեասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Նախարարը կարևորել է Հունաստանի առաջատար փորձը՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: