Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին վերապատրաստված 25 հոգեբանների հանձնվեցին հավաստագրեր
23/12/2021
Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանի և Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի 2021 թվականի ամփոփիչ նիստը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացվող ‹‹Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա›› ծրագրի շրջանակում:
Նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը՝ շնորհավորել է Խորհրդի անդամներին Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում դասընթացի հաջող իրագործման կապակցությամբ՝ նշելով այն որպես առաջընթաց և ընդգծելով, որ Անչափահասների արդարադատության խորհրդի հետագա գործողությունները ևս պետք է լինեն նպատակային և արդյունավետ:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասաների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանն իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը՝ նշել է, որ Խորհուրդն այլևս կախված չէ միջազգային գործընկերների աջակցությունից, ինչը նշանակում է, որ մեր պետությունն իր վրա է վերցրել հանձնառությունն առաջ տանելու երեխայի համար մատչելի, երեխայակենտրոն արդարադատության և երեխաներին բռնությունից պաշտպանելու օրակարգը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին շնորհավորել է հոգեբանների վերապատրաստման կապակցությամբ և նշել, որ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Անչափահասների արդարադատության խորհրդի համագործակցության սկիզբն է:
Հաջորդիվ, Արդարատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը Խորհրդի անդամաներին ներկայացրել է Վերջ երեխաների նկատմամբ բռնության (End Violence Against Children the Global Parntnership) միջազգային ցանցին Հայաստանի՝ որպես ուղենիշ երկրի ներկայացվելիք հայտարարարության հիմնական կետերը:
Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը, ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխայի իրավունքների պաշտպանույան բաժնի պետ Իվետա Շահբազյանը:
Հանդիպման ավարտին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: