Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքը
02/06/2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին:
Նախարարն ընդգծել է, որ ոլորտային բարեփոխումների շրջանակներում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարար Անդրեասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել հաշտարարության ինստիտուտի կատարելագործման օրենսդրական նախաձեռնությանը, և այժմ ակտիվ աշխատանք է տարվում նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի, սնանկության գործերի քննության ու լուծման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական մոտեցումները՝ շեշտադրելով հանրային ծառայությունների արդիականացման օրակարգում ծառայությունների մատուցման հասանելի ու բարձրորակ մոդելի նախատեսման առաջնահերթությունը:
Շիխին Չենը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և տարբեր ուղղություններով կատարված հսկայածավալ աշխատանքը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով դիտարկել նախարարության առաջնորդությամբ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության կենսագործման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությունը: Շիխին Չենը կարևորել է նաև Կառավարության տնտեսության զարգացման օրակարգը՝ նշելով, որ բիզնես միջավայրի բարելավման համար Հայաստանը նախադրյալային երկիր է:
Նախարար Անդրեասյանը նշել է, որ տնտեսության զարգացման հարցում չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը, ինչի շուրջ Կառավարությունը ջանքեր է գործադրում: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և թիրախավորելու նոր ուղղություններ: