Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման մոդելը

06/06/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին Արդարադատության նախարարության գլխավորությամբ միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Նիստի շրջանակներում Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարման 2021թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: