Դիտարկվում է Արդարադատության ակադեմիայում ինստիտուցիոնալ փոփոխությունների հնարավորության հարցը

24/08/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ զեկույցի քննարկմանը:
Արփինե Սարգսյանը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Արդարադատության ակադեմիայի բարեփոխման գաղափարը և ընդգծել, որ Կառավարության քաղաքականության համատեքստում կարևորվում է արդարադատության շղթայում ներգրավված սուբյեկտների կրթական գործընթացի կոնսոլիդացումը, ինչը թույլ կտա մեկ միասնական տրամաբանության մեջ ապահովել ոլորտային մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը՝ այդպիսով ընդլայնելով Արդարադատության ակադեմիայի շահառուների շրջանակը: Հետևապես, ըստ Սարգսյանի, պետք է ապահովվի շահագրգիռ բոլոր կառույցների պատշաճ ներկայացվածությունն Ակադեմիայի կառավարման խորհրդում։
Փոխնախարարի նշմամբ զեկույցը նախնական գնահատում է իրենից ներկայացնում, և հանդիպման արդյունքները թույլ կտան զարգացնել դրանում արտահայտված առաջարկները կամ վերափոխել դրանք, կամ էլ զետեղել նոր առաջարկներ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել քննարկումները թե՛ փորձագիտական թիմի, թե՛ շահագրգիռ կառույցների հետ:
Փոխնախարար Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին Արդարադատության նախարարության և Արդարադատության ակադեմիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար և փաստել, որ այդ համագործակցության արդյունքներով է նաև, որ ներկայում դիտարկվում է Արդարադատության ակադեմիայում ինստիտուցիոնալ փոփոխությունների հնարավորության հարցը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Հանդիպման շրջանակներում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ զեկույցի շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հավաքագրել բոլոր կարծիքները և դրանց հաշվառմամբ կատարելագործել ներկայացված հայեցակարգային մոտեցումները: 
«Արդարադատության ակադեմիայի մասին օրենսդրության բարեփոխման ուղղությունների և դրանց շրջանակում հայեցակարգային առաջարկությունների վերաբերյալ» զեկույցը մշակվել է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ: