Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու համար ներդրվելու է ջրային պարեկային ծառայություն. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

19/10/2022

Արդարադատության նախարարությունը Ոստիկանության հետ համատեղ մշակել է Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագրի համաձայն՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում Գեղարքունիքի Պարեկային ծառայության կազմում արդեն իսկ կգործի մասնագիտացված պարեկների թիմ, որը կկարողանա ջրային պարեկություն իրականացնել։

Ջրային պարեկությունն իրենից ներկայացնում է Սևանա լճի վրա և դրա առափնյա հատվածներում պարեկության իրականացում՝ ապահովելով Սևանա լճի, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց անվտանգությունը։

Ջրային պարեկությունը լինելու է «դասական» պարեկի լրացուցիչ ֆունկցիան։ Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի Պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթները։

Ջրային պարեկները կանցնեն հատուկ վերապատրաստում, որից հետո կկարողանան իրականացնել իրենց ծառայությունը Սևանա լճի տարածքում:

Ջրային պարեկային ծառայության մասին ավելի մանրամասն խոսել են Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում