Արդարադատության նախարարության ջանքերի և արդյունավետ բանակցությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Արմլեքս» ծրագրային ապահովման կոդերի և այլ փաստաթղթերի հանձնման և ընդունման վերաբերյալ ակտը՝ հիմք ընդունելով դեռևս 2020 թ. ընկերության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև կնքված «Անհատույց օգտագործման» պայմանագիրը:
Հիշյալ պայմանագրով «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էր տրամադրվել ՀՀ դատարանների և Ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ կատարողական թերթի տրամադրման գործընթացն ապահովող «Արմլեքս» համակարգչային ծրագրի օգտագործման բացառիկ իրավունքը։
«Արմլեքսի» ծրագրային ապահովման կոդերը պետությանը հանձնված լինելու պայմաններում ՀՀ-ն՝ ի դեմս Արդարադատության նախարարության և Ծառայության, ձեռք է բերում անհրաժեշտ ողջ գործիքակազմը՝ ապահովելու դատարանների հետ փաստաթղթաշրջանառության համակարգի անխափանությունը և հետագա կատարելագործումը։
Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի համագործակցությունը նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, ինչը կապահովի ՀՀ դատական ատյանների և ՀԿԱԾ-ի արդյունավետ ու արագ աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև վարույթի կողմ հանդիսացող քաղաքացիների իրավունքների երաշխավորումը։
Սա պետություն-մասնավոր հատված կայուն և փոխվստահելի համագործակցության լավագույն օրինակ է: