Ծրագրին միացել է 11 բանկ. այսուհետ քաղաքացիներն ստիպված չեն լինի բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո սպասել 7 օր գումարի ապաարգելադրման համար

08/12/2022

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթների ավտոմատացման գործընթացը շարունակվում է: Արդեն իսկ 11 բանկի միջոցով վճարում կատարելիս գումարի ապաարգելադրումը տեղի կունենա 1 օրվա ընթացքում:
Նախկինում քաղաքացիները բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո ստիպված են եղել սպասել մինչև 7 օր` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը հանվելու համար:
Ավտոմատացման ծրագրին ավելացել են նաև 4 բանկեր, որոնք են՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերությունները, «ՅՈՒՆԻԲԱՆԿ» և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲ ընկերությունները: Հարկ է նշել, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի, «Կոնվերս Բանկ»-ի, «Ամերիաբանկ»-ի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Էվոկաբանկի», «Արմսվիսբանկի» և «Մելլաթ բանկի» հետ:
Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը: