Նոր ատեստավորման համակարգ՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողների համար

14/12/2022

Նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է ներդնել Քրեակատարողական ծառայության ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում նոր ստեղծվող անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) ատեստավորման և դրա հիման վրա հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու կառուցակարգ։ Ընդ որում՝ Քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում և կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան մինչև երկու անգամ: Նախագծով ամրագրված կարգավորումներն ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:
Նախագծով առաջարկվում է նաև Քրեակատարողական հիմնարկների կողմից իրականացվող արտաքին պահպանություն և անվտանգության ապահովման գործառույթներ միավորման միջոցով ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որտեղ միայն կներգրավվեն համապատասխան ուսումնական դասընթացներ անցած և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ ձեռք բերած քաղաքացիները։ Նախատեսվում է Ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում նոր կադրերին ներգրավել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում առավել պատրաստված կադրերի ներգրավմանն ուղղված շարունակական բարեփոխումները:
Այս բարեփոխումները հետապնդում են Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ինչպես նաև ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման նպատակ: