Գործարար ոլորտի ջանքերի շնորհիվ կոռուպցիոն արատավոր երևույթներն արմատախիլ կարվեն
16/12/2022
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը բացման խոսքով հանդես է եկել «Կոռուպցիայի դեմ պայքարը և դրանում գործարար ոլորտի դերակատարումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Հասմիկ Տիգրանյանը նշել է, որ Կառավարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև ընդգծել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության անհրաժեշտությունը՝ պետականությունն ամրապնդելու և ուժեղ տնտեսություն ունեցող պետություն կառուցելու տեսանկյունից: Այս համատեքստում ընդգծվել է նաև գործարար ոլորտի կարևորությունը, որի ջանքերի շնորհիվ պետությանը պետք է աջակցություն ցուցաբերվի՝ կոռուպցիոն արատավոր երևույթներն արմատախիլ անելու և Հայաստանի ներդրումային միջավայրն առավել գայթակղիչ դարձնելու նպատակով։
Տիգրանյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի վերջին 4 տարիների ձեռքբերումները, գործարար ոլորտին առնչվող հակակոռուպցիոն բարեփոխումները, գործարար ոլորտի համար պարտավորություններ և իրավական հետևանքներ նախատեսող փոփոխությունները (իրական շահառուների բացահայտում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն և այլն)։
Տիգրանյանը ներկայացրել է նաև ներկայումս մշակման փուլում գտնվող նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսվող բարեփոխումների ուղղությունները:
Վերապատրաստումն անցկացվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հաղորդակցման 2022 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում՝ Արդարադատության նախարարության ու «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:
Դասընթացին մասնակցում էին գործարար ոլորտի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։