Երևանում և Կապանում վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կպիլոտավորվեն «մեկ պատուհան» սկզբունքով. փոխնախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են Անչափահասների արդարադատության խորհրդի այս տարվա գործունեության արդյունքները

20/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհրդի ընթացիկ տարվա գործունության արդյունքում, ի թիվս այլնի, 2023 թվականի սկզբին Երևանում և Կապանում պիլոտավորվելու է Բարնահուսի մոդելը, որի շրջանակներում քրեական վարույթներով վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը վերջիններիս հետ, հատկապես սեռական բռնության դեպքերում հարցաքննությունը, բժշկական զննությունը և այլ աջակցություններ կիրականացվեն մեկ վայրում՝ «մեկ պատուհան» սկզբունքով:
Արփինե Սարգսյանը փաստել է, որ պիլոտավորումը լինելու է պետական մարմնի և հասարակական կազմակերպության հենքով՝ արտապատվիրակված լիազորությունների շրջանակներում, որը թույլ կտա գնահատել երկու մոդելի ծախսատարությունը և պրոյեկտել հանրապետության մյուս մարզերի վրա:
Սարգսյանն արձանագրել է նաև, որ միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին իրականացվելու է հոգեբանների ևս մեկ խմբի որակավորում, որը թույլ կտա նրանց մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա անչափահասների, անգործունակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ իրականացվող քննչական գործողություններին:
Նիստի շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում անչափահասների հանցավորության կանխարգելման, Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում (Վարդաշեն) իրականացվելիք աշխատանքների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջին թեմայով փորձագիտական խմբի կողմից մշակվելու է օրենսդրական առաջարկների փաթեթ, իսկ երկրորդ թեմայով նախանշվելու են հարցի լուծման ուղիները:
Խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանն ամփոփել է հաջորդ տարում խորհրդի գործունեության կարևոր ուղղությունները:
Նիստի շրջանակներում բացման խոսքով են հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը: