Կբարձրացվի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը. Հայ-շվեդական համագործակցության ծրագիր

22/12/2022

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին և Հայաստանի դատական համակարգում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության վերաբերյալ սեմինարին:

Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը՝ դատական թափանցիկության ամրապնդման և արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները:

Աբրահամյանը  նշել է, որ  Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում հայ-շվեդական համագործակցությունը դատական և իրավական համակարգերի կատարելագործման գործընթացում: Վերջինիս խոսքով՝ այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի գերատեսչության համար, քանի որ նպատակ ունի բարձրացնելու հանրային վստահությունը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդումն ու խորացումը, լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության հմտությունների զարգացումն ու դատավորների վարկանիշին առնչվող հարցերը:

Աբրահամյանն անդրադարձել է նաև «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում կատարված առանձնակի նշանակության հետազոտական տվյալների արդյունքներին, որտեղ խորապես ուսումնասիրված է դատական համակարգի անկախության մակարդակը, անկախության վրա ազդող արտաքին ճնշումները, լրատվամիջոցների և հասարակության հետ հարաբերությունները, գենդերային հիմքով տարբերակված մոտեցումները և մի շարք այլ հարցեր:

Անահիտ Աբրայամյանն ընդգծել է, որ վերոնշյալ ծրագրում առկա դրույթներն ամբողջապես համապատասխանում են Արդարադատության նախարարության կողմից որդեգրած քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության նպատակներին և ուղղություններին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Դավիթ Խաչատուրյանը, Սվիա Վերքաննիչ դատարանի դատավոր, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգստրոմը, Ավագ դատավոր, ծրագրի համակարգող, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչ Բյորն Լինդենը, Հայաստանի և Շվեդիայի դատարանների այլ ներկայացուցիչներ: