Վարչապետին ներկայացվել է Արդարադատության նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը

23/12/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են, ըստ ոլորտների, կատարված աշխատանքները:
Նախ անդրադարձ է կատարվել դատական և իրավական ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձրացվել է դատավորների աշխատավարձը. Սահմանադրական դատարանում հավելավճարը սահմանվել է աշխատավարձի 80 տոկոսի չափով, Վճռաբեկ դատարանում հավելումը` աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Վճռաբեկ դատարանում ձևավորվել են առանձին վարչական և հակակոռուպցիոն պալատները: ԱԺ-ն ընդունել է օրենք, որով Երևան քաղաքում ձևավորվում են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններ: Ընդունվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենք, որով ապահովվելու է հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:
Ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը կարգապահական գործերով կայացված ԲԴԽ որոշումների համար բողոքարկման հնարավորություն նախատեսելու մասով:
Նշվել է, որ 2022 թվականի ընթացքում դատավորների նկատմամբ հարուցվել է 41 կարգապահական վարույթ, 15-ը կարճվել է, ԲԴԽ է ներկայացվել 18 միջնորդություն: Հարուցված 8 կարգապահական վարույթներ դեռևս քննության փուլում են, ՄԻԵԴ որոշումների հիման վրա էլ հարուցվել է 3 կարգապահական վարույթ:
Տեղեկատվություն է ներկայացվել դատարանների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Նշվել է, որ էլեկտրոնային արդարադատութան ոլորտում թվայնացվում է քաղաքացիական դատավարությունը, Grant Thornton ընկերության օգնությամբ կազմակերպվելու է նոր ծրագրերի ընդունումը: Վայոց Ձորում գործարկվել է մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգը, ներդրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնական գրասենյակ հարթակը, արդիականացվում է ՔԿԾ e-penitentiary համակարգը:
Նախատեսվում է, որ 2023թ. գործարկվելու է E-Justice հարթակը, թվայնացվելու են վարչական, քրեական և հակակոռուպցիոն դատավարությունները, լավարկվելու է գործերի բաշխման համակարգը: Գործելու է նաև Դատաիրավական ռազմավարության մշտադիտարկման կայք: 2023թ. ներդրվելու է ՀԿԱԾ նոր համակարգ, մշակվելու են հաշտարարության և սնանկության էլեկտրոնային հարթակները, արդիականացվելու են e-register-ը և e-draft-ը, մշակվելու է հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում 17 բանկերից 11-ում օպտիմալացվել են դրամական միջոցների բռնագանձման և ապաարգելադրման գործընթացները՝ 7 օրվա փոխարեն 1 օր, լրամշակվում է ՀԿԱԾ նոր մոդելի ներդրման հայեցակարգի նախագիծը: Ներդրվել է նոր կարգ, ըստ որի՝ հարկադիր կատարողի որոշմամբ հետախուզվող Տ/Մ-ները տեխզննություն չեն կարող անցնել: Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն բռնագանձումների ծավալն աճել է 5 մլրդ դրամով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 40 տոկսով:
ԱՆ փորձագիտական կենտրոնի գործունեության շրջանակում ստեղծվել է Հոգեբանական փորձաքննությունների նոր բաժին, գործարկվել է թեժ գիծ: Ավարտվել են մինչև 2015թ. նշանակված բոլոր փորձաքննությունները: Ընթացիկ տարում փորձագետների աշխատավարձն ավելացել է 92.7 %-ով, արդյունքում՝ աշխատավարձերը հասնում են 700-800 հազար դրամի:
Քրեական արդարադատության ոլորտում մշակվել են շուրջ 100 օրենքների նախագծեր: Օրենսդրական նախաձեռնությամբ իրականացվել է քննչական մարմինների միավորում, 2024 թվականի հունվարի 1-ից գործելու են 2 քննչական մարմիններ՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները: Ընթացիկ տարում ուժի մեջ է մտել Քրեակատարողական նոր օրենսգիրքը՝ փոխարինելով շուրջ 20 տարի առաջ ընդունված օրենսգրքին:
Քրեակատարողական ծառայության ոլորտում նոր ՔԿՀ-ի կառուցման նպատակով մշակվել է էսքիզային տարբերակը, իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն: Կապիտալ վերանորոգումներ են իրականացվել «Աբովյան», «Արմավիր», «Սևան» ՔԿՀ-ներում: Առաջին անգամ «Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է տեսահսկման համակարգ: Պատրաստ է նաև ՔԿՀ ծառայողների կամավոր ատեստավորման վերաբերյալ փաթեթը: «Արմավիր» ՔԿՀ-ում պիլոտային կարգով ներդրվելու է ծառայողի պատրաստման մոդելը, առաջին անգամ 19 տարեկանից բարձր դատապարտյալին տրվել է հանրակրթության հնարավորություն, ապահովվել է օտարերկրացիների հաղորդակցության իրավունքը:

Ձեռք է բերվել տնային կալանք խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային մոնիթորինգի համակարգ, գործարկվել է e-probation համակարգը, կապիտալ վերանորոգվել են Պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի 5 և մարզային 3 գրասենյակները: Տեղեկացվել է նաև, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը փոխանցվելու է Առողջապահության նախարարության ենթակայությանը:
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում օրենսդրական փաթեթն ընդունվել է և ստորագրվել նախագահի կողմից: Նշվել է, որ Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայությունը գործարկվել է, տրվել է հաջորդ 4 մարզերում պարեկային ծառայության կրթական պրոցեսի մեկնարկը, իսկ վերջին 4 մարզերի համար՝ հայտարարվել ընդունելություն:
Նախատեսվում է 2023 թվականին ապահովել ՆԳՆ բովանդակային ձևավորումը, ենթակա պետական մարմիններում պլանավորված փոփոխությունների կատարումը: Ներկայացվելու է նաև Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն ու ճանապարհային քարտեզը, իսկ Պարեկային ծառայությունը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գործարկվելու է նաև ջրային պարեկային ծառայությունը: Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավումը խթանելու նպատակով հայտարարվելու է անհատական ընդունելություն:
Հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հստակեցվել են պաշտոնատար անձանց՝ նվերներ ընդունելու, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարգավորումները, կատարելագործվել է ազդարարման համակարգը: Իրականացվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հաղորդակցման գործողությունների ծրագիրը: 2023 թվականին նախատեսվում է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունում, իրականացնել բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներ:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ Հայաստանի բոլոր դատավորների մեծամասնության հետ քննարկումների արդյունքում ընդունված փաթեթով նախատեսվում է ներդնել դատավորների որակավորման նոր կարգ` ցուցակում ընդգրկելու նոր մեխանիզմ, որով 8 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք կկարողանան ընդգրկվել հավակնորդների ցուցակում: Փաթեթով նախատեսվում է նաև մինչդատական վարույթների քննությունն առանձին դատավորներից ընդհանուր իրավասության դատարաններին վերապահելու հնարավորություն, իսկ հայցադիմումը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահել դատավորների օգնականներին` թեթևացնելով դատավորների ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ, պաշտոնավարման տարիքի վերջին երկու տարվա ընթացքում դատավորին կթույլատրվի քննել միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, իսկ արբիտրաժային կենտրոններին թույլատրել տրամադրել կատարողական թերթ:
ԶԼՄ բարեփոխումների ոլորտում 2022 թվականին ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային քննարկումների արդյունքում փոխադարձ համաձայնությամբ մշակվել է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը գտնվում է շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման գործընթացում:
Նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներին աջակցելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 27 հեղինակավոր ազգային և միջազգային մասնագետներից կազմված ղեկավար խորհրդատվական կոմիտե: Նրանք հետագայում դառնալու են կենտրոնի արբիտրաժային խորհրդի անդամներ և արբիտրներ: Խորհրդատվական կոմիտեի կողմից արդեն հաստատվել է արբիտրաժային կենտրոնի կանոնադրությունը, ներկայումս մշակվում են արբիտրաժային կանոնները և այլ փաստաթղթերը:
Ընթացիկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում նախատեսվել է առցանց հաշտարարության հնարավորություն, ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարություն, սահմանվել է հաշտարարների ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով անցկացվել են 30 հանրային քննարկումներ, իրականացվել են Խորհրդի և հանձնաժողովի շուրջ 10 նիստեր: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, պատրաստվել են կառավարման ձևի, նախագահի դերի ու կարգավիճակի և վերպետական կազմակերպությունների ակտերի հետ կապված հարցերի վերաբերյալ հայեցակարգային կտորները և կողմերի մեծամասնության կողմից դրական դիրքորոշում տրվել խորհրդարանական կառավարման ձևին:
Հաստատվել է նաև Քաղաքացիական կենտրոնների արդիական մոդելի հայեցակարգը, որով նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կենտրոններ Հայփոստի հենքի վրա:
Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շրջանակում վերանայվել է գործող 126 ռազմավարական փաստաթուղթ, իրականացվել է նպատակահարմարության գնահատում և ռազմավարական պլանավորման նոր մոդելի սահմանում, դրանց քանակի կրճատում և հիերարխիայի հստակեցում։ Նախատեսվում է մատուցվող շուրջ 460 պետական ու համայնքային ծառայությունների վերանայում և արդիականացում, դրանց թվայնացում, ինչպես նաև ծառայությունների մատուցման միասնական մոդելի մշակում։ նախատեսվում է նաև հանրային ծառայողների վարձատրության վերանայում, նոր համակարգի մշակում, քաղաքացիական ծառայության գրավիչ և մրցունակ դարձնելու միջոցառումների իրականացում, գործադիր իշխանության կառուցվածքային ու ֆունկցիոնալ օպտիմալացում, որոշումների կայացման արդյունավետության բարձրացում, հանձնարարականների տրման և կատարման նոր ընթացակարգերի մշակում։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերը նշված բոլոր ուղղություններով բարեփոխումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես առանձնակի կարևորել դատաիրավական ոլորտում իրականացվող ռեֆորմները: «Իրապես անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դատարանների շենքերի պայմանների բարելավմանը: Վարչապետը հավելել է, որ դատական համակարգը պետք է ունենա ենթակառուցվածքային, բովանդակային և կադրային անհրաժեշտ ներուժ և ավելացրել, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է իրականացնել ԲԴԽ-ի հետ սերտ համագործակցությամբ: Վարչապետը կարևորել է արդարադատության թաղամասի կառուցման ծրագրի իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերանորոգման և արդիականացման աշխատանքները և հավելել, որ դրանք պետք է համահունչ լինեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործընթացին, ունենան պատշաճ և արժանապատիվ պայմաններ:
Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ դրանք պետք է առաջ մղել ընդհանուր թվայնացման բարեփոխումների շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատժի հետագա կրումից դատապարտյալների ազատման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի փորձագիտական եզրակացության հիման վրա:
Անդրադառնալով Պարեկային ծառայությանը՝ վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել կանանց ներգրավվածության ընդլայնման, ծառայության շարունակական զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ատեստավորման միջոցով: