Առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

05/01/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարության՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ:
Գրիգոր Մինասյանը շեշտել է, որ քննարկվող նախագիծը բխում է ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքից, որի համաձայն՝ մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը Կառավարությունը որոշում է Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը:
Այս համատեքստում՝ նախարարն առաջարկել է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը: