Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել նախարարության կողմից հայտարարված՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների դասընթացին:
Փոխնախարար Բալյանը հոգեբաններին մաղթել է հաջողություն՝ վստահեցնելով, որ Հայաստանի լավագույն հոգեբաններն ընտրված են վերապատրաստումն անցկացնելու համար:
Բալյանն ընդգծել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում՝ իրենց ջանքերը լինելու են արդյունավետ:
Նախարարության կողմից հայտարարված ընդունելությանը դիմել է 37 հոգեբան, սակայն քննության անցողիկ շեմը հաղթահարել է 28 դիմորդ:
Քննությունը հաղթահարած հոգեբաններն անցնելու են վերապատրաստում:
Դասընթացները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և միջազգային գործընկերներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։