Արդարադատության նախարարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ, կազմակերպել է պետական կառավարման համակարգի, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների վերապատրաստում:
Ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, նվերներ ստանալու սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:
Որպես բանախոսներ հանդես են եկել Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Եփրեմ Կարապետյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Ջիլավյանը:
Բարեվարքության հարցերով կազմակերպիչներին ներկայացվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, այդ մարմինների համակարգում Արդարադատության նախարարության ունեցած դերն ու նշանակությունը, բարեվարքության համակարգի բաղադրիչները, անհրաժեշտությունն ու կազմակերպիչների դերն ու գործառույթները:
Վերապատրաստումն ուղղված էր հատկապես «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունների և դրանց առնչությամբ բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործառույթների մասին իրազեկմանը:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են թեմային առնչվող տարաբնույթ հարցեր և առաջարկություններ։
Միևնույն ժամանակ, առաջիկայում նախատեսվում է համանման վերապատրաստում իրականացնել նաև տեղական ինքնակառավարման համակարգի մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների շրջանում: