Արդարադատության նախարարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ, կազմակերպել էր գործադիր մարմինների համար աշխատանքային քննարկում:
Քննարկմանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը: Քրիստինե Գաբուզյանն ընդգծել է հայտարարագրման համակարգի առանցքային դերը կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, և նկատի ունենալով հայտարարագրման գործընթացի ժամանակատար ու բարդ լինելը՝ կարևորել է նոր էլեկտրոնային համակարգի ներդնումը՝ գործընթացը դյուրինացնելու և առկա խնդիրները լուծելու հարցում։
Հանդիպման նպատակն էր հայտարարատու պաշտոնատար անձանց ծանոթացնել հայտարարագրերի նոր էլեկտրոնային համակարգին և վեր հանել փորձարկման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրները, ինչպես նաև հավաքագրել հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկները:
Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային նոր համակարգը, Համակարգի տեխնիկական շահագործման և հայտարարագրերի լրացման կանոնները, ինչպես նաև ընդգծել Համակարգը գործարկելու և այն փորձարկելու հնարավոր խնդիրները:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են նաև հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգին առնչվող տարաբնույթ հարցեր և առաջարկություններ։