Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
10/02/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային ծրագրի վերաբերյալ ղեկավար կոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում ԵՄ տեխնիկական աջակցության թիմը ներկայացրել է ծրագրի վեցամսյա հաշվետվությունը, ինչպես նաև առաջիկա 6 ամիսների համար նախատեսված գործողությունները:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում գրանցվել է դրական առաջընթաց, իրականացվել են մեծ թվով վերապատրաստումներ, բոլոր մարմինների համար մշակվել են ՄՌԿ ձեռնարկներ:
Նախարարի տեղակալն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցությունը և հույս հայտնել առաջիկայում բարձրացնել համագործակցության արդյունավետությունը: ԵՄ հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են այնպիսի կարևորագույն միջոցառումներ, որոնցից են իրավական հուշագրի և սահմանադրական փոփոխություններ՝ գործող դատավորների վեթինգի գործընթացի համար առաջարկությունների մշակումը:
Մշակվել են նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, լուծումներ, ինչպես նաև ծրագրով իրականացվել է սահմանադրական և իրավական կարգավորումների ուսումնասիրություն՝ թույլ տալու համար օգտագործել անկախ վարչական բողոքարկման խորհուրդները, ինչը կարող է մեղմացնել դատարանների ծանրաբեռնվածությունը փոքր գործերի, առաջին ատյանի վարչական գործերի համար՝ այս կերպ նպաստելով Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային տարբերակների ներդրմանը:
Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել արդարադատության բարեփոխումների հաղորդակցման ռազմավարության մշակմանը։
Ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Արդարադատության ակադեմիայի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները: