Թմրանյութեր, ներնետված փաթեթներ, հեռախոսներ. Արդարադատության նախարարությունը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի հունվար ամսվա հաշվետու զեկույցը

13/02/2023

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:
Այսպիսով` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկել են կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել մեկ այլ դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Վերջինս ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթ, որում առկա է եղել բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ: 
Մեկ այլ դեպքով՝ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են նարնջագույն ցանցով փաթաթված կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մետաղական մանեկ և 3 առանձին փաթեթներ՝ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննություն են իրականացրել նաև հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում, որտեղից հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով: 
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձի համար բերված հանձնուքը, որում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներ:
Այլ դեպքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել այլ դատապարտյալի մոտ եկած քաղաքացուհուն: Վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ: Խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ: 
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել շագանակագույն և բյուրեղանման կասկածելի զանգվածներ, 4 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ և USB լար: 
Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն: Զննությամբ հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել շագանակագույն, փոշենման և դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում, այլ դեպքով, հայտնաբերել է նաև գետնին ընկած կասկածելի փաթեթ, որում առկա են եղել սպիտակ, փոշենման և բյուրեղանման առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ սպիտակ դեղահաբի կտորներ: Զննությամբ պարզվել է, որ դատապարտյալն իր մահճակալի մոտ դրված փափուկ կահույքի մեջ պահել է պոլիէթիլենային տոպրակով սպիտակ, փոշենման զանգված: 
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը, որում առկա մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված: 
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր: Արդյունքում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ:
Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: