Ազատությունից զրկված անձանց համար տուբերկուլոզի ախտորոշման նպատակով՝ «Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է ժամանակակից սարքավորմամբ. Լևոն Բալյանը շրջայց է կատարել ՔԿՀ-ում

14/02/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի ուղեկցությամբ՝ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Լևոն Բալյանը, մասնավորապես, ծանոթացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա նոր սարքավորմանը: Տուբերկուլոզի առավել արդյունավետ ախտորոշման, ինչպես նաև նոր դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով՝ ձեռք է բերվել սարք, որն արհեստական բանականության օժանդակությամբ հայտնաբերում է թոքային տուբերկուլոզը մեծապես դյուրացնելով տուբերկուլոզի կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի և տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասնում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը:
CAD տեխնոլոգիայի կիրառումն առավել հասանելի կդարձնի տուբերկուլոզի արագ ախտորոշումը, ինչպես նաև թոքերի և այլ օրգան համակարգերի թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններն ազատազրկված անձանց շրջանում` ազատազրկման վայրերում: Սարքավորումը ձեռք է բերվել Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Նախարարի տեղակալը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների հեռավար կապն ապահովելու համար նախատեսվող սենյակի շինարարական աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին և զրուցել դատապարտյալների հետ: