Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը. Ի՞նչ է արվել հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում

14/02/2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանման նպատակով Ազգային ժողովի կողմից դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքները:
Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ինչպես նաև կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:
Գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող, եթե չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն իրականացվում է քաղաքացիադատավարական ընթացակարգերով:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է պատասխանատու ստորաբաժանում՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2022 թվականին ստացվել է ընդհանուր 75 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ, որոնց առնչությամբ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նախաձեռնվել է 2 ուսումնասիրություն։
Միաժամանակ, հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության մասնագիտական բարձր պատրաստավածությունն ապահովելու նպատակով նշված վարչության դատախազները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ ինչպես տեղի այնպես էլ միջազգային փորձագետների կողմից: