Լևոն Բալյանն անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներում ԵԽ աջակցությանը և կարևորել՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵԽ-ի հետ շարունակական ու արդյունավետ համագործակցությունը

16/02/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ելույթով է հանդես եկել «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկին:
Նախարարի տեղակալը ներկայացրել է 2019-2022 թվականների ԵԽ-ի հետ համատեղ իրականացված Ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները:
Լևոն Բալյանի նշմամբ՝ Ծրագրի շրջանակում Քրեական օրենսդրության, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների զարգացման ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր, այդ թվում՝ իրականացվել են բուժանձնակազմի վերապատրաստումներ, մշակվել է համապատասխան գործիքակազմ՝ հոգեկան առողջության, ինքնավնասման հակում ունեցող անձանց հոգեկան առողջության և զննության ուղղությամբ:
Աշխատանքներ են տարվել «e-probation» համակարգի ձևավորման ուղղությամբ, հիմնվել է պրոբացիայի շահառուների մասնագիտական վերապատրաստման կենտրոնը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման ուղղությամբ ԵԽ աջակցությամբ իրականացվել են մի շարք վերապատրաստումներ, մասնավորապես՝ ՀՀ դատարանների որոշումների ու վճիռների կատարման, ուշ կատարման կամ չկատարմանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
Վենետիկի հանձնաժողովը տրամադրել է փորձագիտական կարծիք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ նախատեսող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Նախարարի տեղակալն ընդգծել է առանձին ոլորտներում արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ շեշտը դնելով նաև պատժի անհատական պլանավորման, Հայաստանում պրոբացիայի դերի բարձրացման և Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, վերասոցիալականացման ծրագրերի մշակման և նոր օրենսգրքերի կիրառման մշտադիտարկման վրա:
Լևոն Բալյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներում ԵԽ աջակցությանը և կարևորել՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵԽ-ի հետ շարունակական ու արդյունավետ համագործակցությունը: