Ամփոփվել են «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի արդյունքները

21/02/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանի համանախագահությամբ կայացել է «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի փակման համաժողովը և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստը:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ. ծրագրային ձևաչափի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:
Արմենուհի Հարությունյանն իր ելույթում նշել է, որ միջոցառման ձևաչափը բացառիկ է իր նշանակությամբ և հագեցվածությամբ, քանի որ ներկայացվել են երկու հատկանշական՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրերը:
Նախարարի տեղակալն իր ելույթում շեշտել է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում կատարվել են մի շարք բարեփոխումներ Հայաստանում դատական իշխանության անկախության, իրավական ընթացակարգերի արդյունավետության ու արդարադատության մատչելիության տեսանկյունից: Այս համատեքստում տրամադրվել է իրավական աջակցություն արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև համապատասխանեցվել է հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին:
«Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և կարողությունների զարգացմանը միտված օժանդակություն։
Արդարադատության նախարարի տեղակալը շեշտել է, որ Ծրագրի նպատակն էր ստեղծել ընդհանուր հարթակ, որպեսզի պետական մարմինների, դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները, ոլորտի առանցքային մասնագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան քննարկել ոչ միայն արդեն իսկ իրականացված ծրագրերը, այլև նախանշել այն ուղղությունները, որոնցով ապագայում պետք է ընթանա Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը:
Արմենուհի Հարությունյանը բարձր է գնահատել առկա համագործակցության մակարդակը և վերահաստատել է Նախարարության պատրաստակամությունը՝ առավելագույն արդյունքներին հասնելու համար: