Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Լևոն Բալյանը նշել է, որ առանցքային փոփոխություններից են դատախազական խմբի ստեղծումը, խմբի ղեկավարի և անդամ դատախազների փոխհարաբերություններն ու լիազորությունները կանոնակարգելը, դատախազների պաշտոնների դասակարգման վերանայումը՝ ըստ լիազորությունների շրջանակի:
Նախագծերով առաջարկվում է հստակեցնել դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հավակնող անձին ներկայացվող պահանջները, նաև դատախազ նշանակվելու սահմանափակումների և պաշտոնից ազատման հիմքերի ցանկից առաջարկվում է հանել քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով իրականացված չլինելու վերաբերյալ դրույթը:
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ առաջարկվում է լուծել Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահի պաշտպանության լիազորության ընդգրկուն իրացման խնդիրը:
Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը, որի արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:
Լևոն Բալյանը նշել է, որ նման մոտեցումն առաջ է քաշվել` հաշվի առնելով որոշ կարևոր գործոններ` քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը` պայմանավորված վարույթի ընթացքում դատախազի` անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքով:
Ըստ նախարարի տեղակալի` դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում՝ համակարգում մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել ատեստավորում: