Աբովյան ՔԿՀ-ն բարեկարգելու համար իրականացվել են 50,090,659 դրամի աշխատանքներ, 2023թ․-ին նախատեսվում է իրականացնել ևս 308,694,720 դրամի շինարարական աշխատանքներ

17/03/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձել է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված բարեփոխումներին:
Նախարարը, մասնավորապես նշել է, որ 2022 թվականին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացում: Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ:
Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են քրեակատարողական հիմնարկների հոգեբանների մասնագիտական վերապատրաստումներ՝ թերապևտիկ աշխատանքի հմտություններն զարգացնելու նպատակով:
Նախարարը նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են կանանց, անչափահասների, դպրոցի, ակումբի և մեկուսարանի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի, սանհանգույցների և բաղնիքների վերանորոգման շինարարական աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 42 կետ սանհանգույց, 7 կետ բաղնիք, լվացքատուն, խոհանոց, ճաշասրահ, սենյակ՝ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կալանավորված անձի համար։
Բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսված բաժնում իրականացվել են վերանորոգման և հարդարման աշխատանքներ:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդեն իսկ իրականացվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, մասնավորապես.
• 220 գծմ. երկարությամբ նոր պարսպի և 4 դիտաշտարակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար,
• վարչական, կանանց, անչափահասների, դպրոցի, ակումբի մասնաշենքերի և թվով 4 կացարանների վերանորոգման և հարդարման, ինչպես նաև նշված մասնաշենքերի տանիքների մոտ 700 գծմ. երկարությամբ ջրհորդանների վերանորոգման շինարարական աշխատանքների համար։
2022թ․-ին, ընդհանուր առմամբ, շենքային պայմանների բարելավման համար Աբովյան ՔԿՀ-ում իրականացվել են 50,090,659 դրամի աշխատանքներ, 2023թ․-ին նախատեսվում է իրականացնել 308,694,720 դրամի շինարարական աշխատանքներ: