Cabinet.harkadir.am հարթակում գրանցվելով ձեր նոր վարույթների մասին կարող եք ծանոթանալ և ծանուցվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով
30/03/2023
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթների Անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակում (cabinet.harkadir.am/) քաղաքացիները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ իրենց մասնակցությամբ հարուցված կատարողական վարույթների, դրանց ընթացքի, կիրառված արգելանքների մասին, տեսնել վարույթով կայացված որոշումները և վարույթի հարուցման հիմք հանդիսացած վարչական ակտերը:
Սակայն նախկինում Անձնական գրասենյակում ներդրված չէր քաղաքացու նկատմամբ նոր վարույթ հարուցվելու կամ, օրինակ, վարույթի ընթացքի փոփոխության կամ նոր որոշում կայացվելու դեպքում քաղաքացուն այդ մասին ծանուցելու բավարար գործիքակազմ:
Արդարադատության նախարարությունը կարևորելով ներդրված հարթակի արդյունավետության ապահովումն՝ Անձնական գրասենյակում ներդրել է քաղաքացիներին իրենց վարույթների մասին ծանուցումն ապահովող էլեկտրոնային նոր գործիքակազմ:
Այսպես, ՀԿԱԾ Անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակում գրանցվելիս քաղաքացին լրացնում է գրանցման համար անհրաժեշտ տվյալները, անցնում է պատշաճ նույնականացում, ինչպես նաև տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն:
Ներդրված էլեկտրոնային նոր լուծման շնորհիվ՝ քաղաքացիներն իրենց վերաբերյալ կատարողական նոր վարույթ հարուցվելու կամ վարույթի շրջանակում նոր որոշում կայացվելու դեպքում, հարթակում գրանցվելիս տրամադրած էլեկտրոնային փոստին անմիջապես կստանան ծանուցում, որը կպարունակի նաև հղում՝ վարույթի շրջանակում կայացված նոր որոշման վերաբերյալ:
Բարեփոխման շնորհիվ քաղաքացիներն անմիջապես կիրազեկվեն կատարողական վարույթի հարուցման կամ նոր որոշման վերաբերյալ, ինչի արդյունքում չեն լինի անակնկալ արգելադրումներ և հնարավորություն կընձեռվի արագ ու օպերատիվ լուծել վարույթի հարուցման հետևանքով առաջացած խնդիրները:
ՀԿԱԾ թվայնացման ոլորտում բարեփոխումները շարունակական են, աշխատանքներ են իրականացվում նաև կարճ հաղորդագրությունների տեսքով ծանուցման հնարավորությունն ապահովելու ուղղությամբ: