Նախարարի տեղակալն ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանն ու դատաիրավական ոլորտում առկա համագործակցությանը

05/05/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցման և դատաիրավական ոլորտում առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները: Արմենուհի Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Արդարադատության նախարարության իրավասության սահմաններում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների իրավունքների անխոչընդոտ իրացմանը:
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում և հույս հայտնել, որ ապագայում ևս կգրանցվեն համագործակցության բարձր ցուցանիշներ:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ: