Իրականացված յուրաքանչյուր կատարողական վարույթով մենք մի քար ենք դնում դեպի իրավական պետության կայացում և ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունում Ծառայությունն այս ճանապարհին քաղաքացուն ոչ թե պատժող, այլ օգնող և խախտված իրավունքները վերականգնող կառույց է

05/05/2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր նշում է կազմավորման 25 ամյակը: Կառավարության որոշմամբ՝ ուղիղ 10-ը տարի առաջ մայիսի 5-ը պաշտոնապես հայտարարվեց հարկադիր կատարողի օր:
Հոբելյանական միջոցառմանը՝ արդարադատության նախարարը, շնորհավորելով հարկադիր կատարողներին նշել է, որ կատարված աշխատանքն անգնահատելի է. «Այս դահլիճում այսօր ներկա մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքով մեր արդարադատության կենսագործման երաշխավորողներն են և իրավական պետության կայացման համար ամեն օր կռիվ տվողները, նրանք, ովքեր այս ճանապարհին ներդրել են իրենց ամենակարևոր ռեսուրսը: Նույնիսկ ամենակատարյալ դատական համակարգը չի ծառայի խախտված իրավունքների և սոցիալական արդարության վերականգնման իր նպատակին, եթե դատական ակտերը մնան չկատարված: Լիահույս եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է այս հարցում իր ունեցած դերակատարումը: Վստահ եմ, որ ամբողջությամբ և պատշաճ իրականացված յուրաքանչյուր կատարողական վարույթով մենք մի քար ենք դնում դեպի իրավական պետության կայացում և ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունում Ծառայությունն այս ճանապարհին քաղաքացուն ոչ թե պատժող, այլ օգնող և խախտված իրավունքները վերականգնող կառույց է»:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հարկադիր կատարողներին՝ ներդրված ավանդի համար: Նախարարը բարձր է գնահատել Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքն արդարացրել և նույնսիկ գերազանցել է սպասելիքները:
«2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 25 միլիարդ դրամ, որպես կատարողական ծախս՝ շուրջ 1,5 մլրդ դրամ, այս թվերը գերազանցում են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 48%-ով։ Շնորհիվ այս և մյուս դրական ցուցանիշների՝ այս տարի ևս Կառավարության որոշմամբ այդ նպատակով Ծառայությանը հատկացվեց ավելի քան 1 միլիոն ամն դոլար: Ջանքերը շարունակական են լինելու, նաև սկսվել են ախատանքները՝ այս մեխանիզմին օրենսդրական ամրագրում տալու համար: Մենք ևս մեկ ուրախալի փոփոխություն ունենք. հարկադիր կատարողի թափուր պաշտոնի համար հայտարարվող վերջին մրցույթներին անհամեմատ ավելի շատ դիմորդներ ունենք, ինչը ևս վկայում է Ծառայության և հարկադիր կատարողի պաշտոնի ընկալման վերաիմաստավորման մասին»- ընդգծել է նախարարը:
Գրիգոր Մինասյանը վերահաստատել է, որ բոլոր ջանքերը ներդրվելու են ոլորտի ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը:
Գլխավոր Հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շնորհավորել է աշխատակիցներին և նշել, որ հիմնական նպատակն ու առաքելությունը վերջնական արդարադատության իրականացման ապահովումն է, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ «Նշանակալի է կառույցի դերակատարումը Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման ոլորտում օրինականության ապահովման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու երաշխավորման գործում։ Արդարադատության նախարարության հետ համատեղ շարունակական աշխատանքներ են իրականացվում օրենսդրության կատարելագործման, դրան զուգահեռ Ծառայության գործունեությանն առնչվող կազմակերպչական, տեխնիկական խնդիրների կարգավորման, հարկադիր կատարողների սոցիալական երաշխիքների, վարձատրության արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ, ինչն այսօր իրականացվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող համալիր միջոցառումների համատեքստում։ Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա քրտնաջան աշխատանքից, նվիրվածությունից, պատրաստակամությունից ու պատասխանատվությունից է կախված, թե ինչպիսին կլինի այդ բարեփոխումների վերջնարդյունքը»,- նշել է Գլխավոր հարկադիր կատարողը։
Միջոցառմանը ցուցադրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25 ամյակի փաստավավերագրական ֆիլմը, հարկադիր կատարողներին շնորհվել են շնորհակալագրեր, տրվել են հուշանվերներ, արտահերթ կոչումներ: