Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի խթանմանը նվիրված քննարկմանը, HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին և Լիխտենշտեյնի դեսպան Դոմինիկ Վանգերի հետ հանդիպմանը՝ հաշվի առնելով առաջիկայում ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարությունը Լիխտենշտեյնի կողմից ստանձնելու հանգամանքը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ձեռքբերումները, մասնավորապես՝ անդրադարձել ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմանը, նոր քրեական և քրեադատավարական օրենսգրքերում երեխայակենտրոն կարգավորումների ներդնմանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի միջոցով իրականացված դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց կյանքի իրավունքի, ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, գործի արդարացի քննության իրավունքի և իրավահավասարության, խտրականության արգելքի թեմաներով վերապատրաստումներին և այլն:
Միջազգային հարթակում Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է նաև դատապարտյալների սոցիալական և իրավական ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ իրականացման մեխանիզմները, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված գործուն քայլերը: