Կողմերն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ձեռք բերած արդյունքներին. Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն.

23/05/2023

Արդարադատության նախարարությունը՝ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, կազմակերպել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության «Արդարության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության» աշխատանքային խմբերի երկօրյա նիստը, որը համանախագահել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Երկօրյա նիստին մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված «Հայաստանի բարեվարքություն», «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրերին և ընդգծել դրանց կարևորությունը դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ բարեփոխումներին, ինչպես նաև կարևորել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին տրամադրվող աջակցությունը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման, Երևանում պարեկային ծառայության ներդրման, Արդարադատության ակադեմիայի և այլ համատեղ միջոցառումների կարևորությունը:
Ընդգծվել է նաև ԹՊԻՀ-ի աջակցությամբ իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը:
Կողմերն ընդգծել են իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը:
Երկօրյա նիստի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև համատեղ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ձեռք բերած արդյունքներին: