Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովում ներկայացրել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Նախարարի տեղակալը նշել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Լևոն Բալյանն ընդգծել է, որ Նախագիծը նպատակ ունի ապահովել քրեակատարողական ծառայությունում մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավումը։ Նախարարի տեղակալի նշմամբ՝ քրեակատարողական ծառայությունում աշխատանքի բնույթով, դժվարությամբ և դրա սոցիալական կարևորությամբ առավել ցայտուն կերպով ընդգծվում է քրեակատարողական ծառայողների համար արժանի վարձատրության և սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ներդնել քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման համակարգ և ատեստավորման դրական արդյունքի դեպքում քրեակատարողական ծառայողի համար հաշվարկել հավելավճար: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարեցման պայմանները:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Նշվածից զատ, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը արձանագրել է, որ նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով օրենք ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվում է որպես ծառայությունից ազատման հիմք: