Նվիրատվության գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ. Նոտարները Կենտրոնական բանկին պարտադիր հաշվետվություն կներկայացնեն

05/09/2023

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովի հանձնաժողովին է ներկայացրել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով ՀՀ նոտարների և Կադաստրի կոմիտեի համար սահմանվել է նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին պարտադիր հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն:
Նվիրատվության գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն օրինական ճանապարհով օտարելու միջոցով իրավապահ մարմիններից թաքցնելու և օրինականացնելու նպատակով: Ու թեև օրենքով նոտարների և Կադաստրի կոմիտեի վրա դրված է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված և նկարագրված բոլոր ռիսկերը:
Այդպիսով անհրաժեշտություն է առաջացել, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող սուբյեկտները սահմանված կարգով Կենտրոնական բանկին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև տեղեկություններ՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ: Արդյունքում նշած տվյալները կլինեն Կենտրոնական բանկի տրամադրության տակ, ինչը հնարավորություն կտա հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում գնահատել ռիսկերը, ինչպես նաև առանձին դեպքերում կանխել կամ բացահայտել փողերի լվացման դեպքերը:
Նախագծի ընդունումը թույլ կտա ստեղծել մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից: