Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի շրջանակներում առաջարկվում է բարձրացնել ինքնակամ կառույցների և կառուցապատումն սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափը:
Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ թեպետ վերոնշյալ խումբ արարքների համար վարչական պատասխանատվություն է սահմանված, և Կառավարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում ինքնակամ կառույցների կանխարգելման համար՝ նման իրավախախտումները ՀՀ-ում դեռևս մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի ենթարկվելուց հետո էլ շարունակվում է վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը։
2022 թվականին կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով բարձրացել է շինարարարության թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի չափը, իսկ կառուցապատման ժամկետը երկարաձգելու համար սահմանվել է ավելի բարձր տուրք: Նման պայմաններում ևս անհրաժեշտ է ապահովել ոչ իրավաչափ արարքների համար տուգանքների և բարեխիղճ տնտեսվարողի ֆինանսական բեռի հավասարակշռությունը, իսկ տեղական տուրքի և անշարժ գույքի հարկի բարձրացման պայմաններում ՎԻՎՕ-ով նախատեսված տույժը թողնելն այս հարաբերակցությունը շեղում է ի վնաս պետության և հօգուտ ոչ բարեխիղճ տնտեսվարողի:
Արմենուհի Հարությունյանը նշել է որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հողօգտագործման կամ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքը նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկից դարձնել 750-1500-ապատիկ: Նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու համար տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի 1500-2000-ապատիկից դարձնել 2000-2500-ապատիկ: Վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկից դարձնել 2500-3000-ապատիկ:
Կառուցապատումն սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանքն սահմանել նախահաշվային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից սահմանված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի 3 տոկոսի, իսկ տուգանքը նշանակելուց հետո նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելու համար տուգանքը
այդ ծախսերի 15 տոկոսի չափով:
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ միայն Վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված տուգանքների բարձրացումը չի կարող և չպետք է հանդիսանա ինքնակամ կառույցների դեմ պայքարի միակ գործիքը, ուստի ոլորտի մյուս պատասխանատուների հետ համալիր ուսումասիրության արդյունքներով հնարավոր է կատարվեն օրենսդրական այլ փոփոխություններ, սակայն այս նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թ. հուլիսի 1-ից գործող իրավական կարգավորումների հավասարակշռությունն ապահովելու հրամայականով: