Պրոբացիայի շահառուների կարողությունների զարգացում, էլեկտրոնային սարքավորումների հագեցվածություն. Նախանշվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները

20/11/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. hիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների ապահովում՝ օրինակ Պրոբացիայի ծառայությունում հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերի նախատեսում, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է վերանայել և փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելով ՔԿՀ-ների և պրոբացիայի ծառայության սերտ համագործակցությունը։ Նախատեսվում է նախքան դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մշակել պլանավորված հսկողության միջոցառումներ պրոբացիայի ծառայության շրջանակում։
Պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացումը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և, ըստ այդմ, նախատեսվում է Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումները հագեցնել տեխնիկական սարքերով, որոնք Ծառայության աշխատողների համար կապահովեն իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, այդ թվում՝ տարածքային բաժիններում ինտերնետ կապը և այն սարքերի առկայությունը, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային հսկողության միջոցների համար։ Մեկ այլ ուղղությամբ նախանշվում է, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է ունենա անհրաժեշտ տարածքներ և սարքավորումներ` հատուկ ծառայություն իրականացնելու համար։
Նախանշվող ուղղություններով ծառայությունը կհամալրվի անհրաժեշտ էլեկտրոնային միջոցներով՝ քրեական արդարադատության նոր ընդունված օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու համար։ Նախատեսվում է իրականացնել նաև մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Այս և մի շարք այլ ծրագրեր նախատեսված են Պրոբացիայի ոլորտի հիմնական ուղղություններում: