Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում` արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ֆրանսիայում ծանոթացել է քրեակատարողական առողջապահության համակարգում հեռաբժշկության ֆրանսիական փորձին։
Քննարկվել են քրեակատարողական համակարգերում ձեռք բերված առաջընթացին, համակարգում կիրառվող թվային ծառայություններին, ինչպես նաև կրթական, սպորտային, արվեստի և այլ վերասոցիալականացման-վերականգնողական ծրագրերին առնչվող հարցեր: Լևոն Բալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել քրեակատարողական հիմնարկների և այլ պաշտոնատար անձանց հետ: Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քրեկատարողական հիմնարկ, դատապարտյալների հիվանդանոց և ծանոթացել հիմնարկի կառուցվածքին, պահման պայմաններին, խնդիրներին, վերահսկողական գործառույթներին, ինչպես նաև հեռաբժշկության սարքերին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկում վարչակազմի հետ։
Նշենք, որ ճանաչողական այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանը, և Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկություն կենտրոն ՊՈԱԿ»-ի ներկայացուցիչները։