Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման նոր կարգի վերաբերյալ
30/11/2023
Հայտնում ենք, որ Կառավարության 23.11.2023 թվականի թիվ 2051-Ն որոշմամբ` նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգն ամբողջությամբ փոխվել է։
Ի տարբերություն նախկինում առկա ընթացակարգի՝ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը այսուհետ տրվելու է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:
Արդյունքում, նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակ և ցանկություն ունեցող նոտարի թեկնածուն համապատասխան հայտարարության առկայության պայմաններում արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին և գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար։