Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման աշխատակարգը

14/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև նոյեմբերի 30-ին համաձայնեցված Աշխատակարգի տեքստը, որի համաձայն՝ Աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների Կառավարությունների կողմից:
Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը:
Աշխատակարգի ընդունման արդյունքում ՀՀ և ԱՀ սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն կընձեռվի նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար՝ հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով:
Կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը։