Պետական կառավարման համակարգի և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումները շարունակվում են

21/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման Է ներկայացրել ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն` պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից: Անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը:

Արմենուհի Հարությունյանի նշմամբ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները` զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք: Համակողմանի քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: