Հաշտարարության ինստիտուտը զարգացնելու համար բոլոր նախադրյալները ստեղծվել են

23/01/2024

Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը։
Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր տեղ հատկացվեց Կառավարության ծրագրով ու Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ: Այս համատեքստում Արդարադատության նախարարության կողմից վերջին 2 տարիների ընթացքում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել հաշտարարության ոլորտը վերակենդանացնելու համար: Մատնանշվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության, առցանց հաշտարարության ինստիտուտների ներդրումը, հաշտարարների խրախուսման, e-mediation հարթակի ստեղծան, ինչպես նաև նոր հաշտարարների որակավորման և ոլորտի նկատմամբ աննախադեպ հետաքրքրվածության մասին: Տիգրան Դադունցը այս համատեքստում կարևորել է նաև նոր ստեղծված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի դերը, հույս ունենալով, որ կենտրոնի առաքելությունը միտված կլինի արբիտրաժին զուգահեռ նաև հաշտարարության զարգացմանը:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ այլ առաջատար երկրների շարքում՝ այսօր նաև Հայաստանն է նշում Հաշտարարների օրը, ինչը ուղջունելի է։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև AMCA-ի հաշտարարության կանոններն ու Կենտրոնի հաշտարարների ցանկը։ Միջոցառմանը ներկա էին, հաշտարարներ, փաստաբաններ, դատավորներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։