.Ուռճացված և չփաստարկված հոդված է հրապարկվել նոտարական քննության անցկացման մասին

29/01/2024

«Հետք» լրատվականում նոտարների որակավորման քննության մասին հոդվածում, տեղ են գտել մի շարք իրականության աղավաղումներ և լրատվական մանիպուլյացիաներ, որոնց ստորև կանդրադառնանք մեկ առ մեկ. 
1. «Հետք» լրատվականը, որպես թերացում նշել է գրավոր փուլը համակարգչային տեխնիկայով չանցկացնելը, սակայն սահմանված կարգով թույլատրվում էր երկու եղանակ և նախարարությունը ընտրել է գրավոր եղանակը, ինչը խնայել է մոտ 20 մլն դրամ հաշվի առնելով 70 թեկնածուների առկայությունը և բոլորի համար տեխնիկա ապահովելու ծախսը: Հարկ է նշել նաև, որ գրավոր եղանակով բացառվել է որևէ հնարավորություն, որ ստուգողները կարող են իմանալ, թե որ թեկնածուի գրավորն են ստուգում:
2. Հրապարակմամբ նշվում է, թե իբրև քննության ժամանակ մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են թեստի պատասխանները, այնինչ Վերահսկողական վարչության և հանձնաժողովի կողմից մասնակցի մոտ հայտնաբերվել են օգնող նյութեր, ինչն անմիջապես արձանագրվել է և մասնակիցը հեռացվել է գրավոր քննությունից: Առնվազն այս գործողությունից հետո, այս հիմքով գրավոր քննությունը կասկածի տակ դնելը, անտրամաբանական է:
3. Հոդվածում ոչ մասնագիտական գնահատական է տրվել երեք թեկնածուների պատասխաններին, ու դատողություններ արվել, թե որ թեկնածուն քանի միավոր պետք է ստանար: Լրատվամիջոցը իրեն թույլ է տվել հանդես գալ, որպես մասնագիտական հանձնաժողով և իր հոդվածում 20 միավոր սանդղակով միավորների ենթադրյալ բաշխումներ է կատարել մասնակիցների մեջ, նշելով, թե որ թեկնածուն քանի միավոր պետք է ստանար: Որպես թերություն նշել է, օրինակ՝ թեկնածուի հակիրճ պատասխանը: Մեկ այլ դեպքում՝ հոդվածի հեղինակը գնահատական է տալիս, թե պատասխաններն ավելի հստակ էին և սպառիչ, մյուսի պարագայում՝ հեղինակը նշում է, թե թեկնածուն պատրաստված էր, բայց զիջում էր նախորդ մրցակցին:
4. Լրատվամիջոցը տեղեկացված չի եղել և նախապես չի ճշտել, որ, հարցազրույցից բացի, թեկնածուները գնահատվել են նաև գրավոր փուլում: Ի դեպ, այն թեկնածուները որոնք հաղթահարել են բանավոր փուլը ամենաբարձր միավորներն են ստացել գրավոր ընթացակարգով անցկացված քննության ժամանակ:
5. «Հետք»-ն անհիմն մեղադրել է, որ մասնակիցներից մեկը մի քանի տարածքների համար դիմել է և հետո հրաժարվել է որոշակի պայմանավորվածություններից ելնելով: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թեկնածուն կարող է դիմում ներկայացնել մի քանի մարզում առկա նոտարի թափուր տեղի համար: Այս պարագայում՝ թեկնածուներից մեկը հայտ էր ներկայացրել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում առկա թափուր տեղերի համար, այնուհետև իր իսկ ցանկությամբ, նախընտրել էր մասնակցել իր բնակությանը և Երևանին մոտ՝ Աբովյան քաղաքում առկա թափուր տեղի հարցազրույցի փուլին:


Հուսով ենք, որ ճանաչված և հարգված լրատվամիջոցը հաշվի կառնի նախարարության դիտարկումները հետագայում նմանատիպ անճշտությունները կանխելու նպատակով։